ա/ 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմը և հայերը
պատերազմը։XIXդ․ կեսերին եվրոպական մեծ տերությունների միջև սրվեց պայքարը Օսմանյան կայսրությունում ազդեցություն տարածելու համար։ Միջազգային հարաբերություններում այդ հիմնախնդիրը, որն առաջ էր եկել դեռ XVIII դարի վերջերին, ստացել էր Արևելյան հարց անվանումը: Դրա դրսևորումն էլ Օսմանյան կայսրությունում գտնվող Երուսաղեմի սուրբ վայրերին տիրելու համար տարբեր եկեղեցիների միջև ընթացող վեճն էր, որը դարձավ միջազգային քննարկման հարց։ Ֆրանսիայի կայսր Նապոլեոն III-ը՝ որպես կաթոլիկ երկրի տիրակալ, ավելի լայն իրավունքներ պահանջեց կաթոլիկ եկեղեցու համար, իսկ Ռուսաստանը հանդես եկավ ուղղափառ եկեղեցու շահերի պաշտպանությամբ։ Սուր վեճը, որն առաջին հայացքից ընթանում էր սրբազան վայրերի համար, վերածվեց տերությունների միջև Թուրքիայից զանազան զիջումներ կորզելու պայքարի։
Հարաբերությունների հետագա սրումը 1853թ․ աշնանը հանգեցրեց ռուս-թուրքական հերթական պատերազմի, որը հայտնի է Ղրիմի կամ Արևելյան պատերազմանունով։ 1854թ․ Թուրքիային միացան Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Սարդինական թագավորությունը։ Ղրիմի պատերազմը ազատագրության նոր հույսեր է արթնացնում արևմտահայերի մեջ։ Սակայն այս անգամ էլ նրանց ձգտումները չեն իրականանում։
Ղրիմ թերակղզում ռուսական բանակը ծանր պարտություններ է կրում։ 1856թ․ մարտին Փարիզում կնքված հաշտության պայմանագրով կատարվում է գրավված տարածքների փոխանակում։ Ղրիմը վերադարձնելու համար Ռուսաստանը կրկին հրաժարվում է Արևմտյան Հայաստանում գրաված հողերից, իսկ միջազգային ասպարեզում նա կորցնում է իր ազդեցիկ դերը։
Ակնհայտ է դառնում, որ Արևելյան հարցը մեծ տերությունների համար իրականում Օսմանյան կայսրության վրա իրենց ազդեցությունը տարածելու միջոց է։ Արևմտյան Հայաստանի՝ որպես Օսմանյան կայսրությանը ենթակա տարածքի խնդիրն ուղղակիորեն դառնում է Արևելյան հարցի բաղկացուցիկչ մաս և շուտով Հայկական հարց անունով միջազգային դիվանագիտության կիզակետում հայտնվում։
1877-1878թթ․ ռուս-թուրքական պատերազմի պատճառները և ընթացքը։ Ղրիմի պատերազմում կրած օարտությունից հետո Ռուսաստանի արտաքին քաղաքականության գլխավոր խնդիրը դարձավ սևծովյան տարածաշրջանում ու Բալկանյան թերակղզում իր թուլացած դիրքերի ամրապնդումը և միջազգաի հեղինակության վերականգնումը։ Այդ պատակով ռուսական արքունիքը 1870-ական թթ․ կեսերին պաշտպանության տակ առավ օսմանյան տիրապետության դեմ ապստամբած բալկանյան ժողովուրդներին։
Արևմտաեվրոպական տերություններն իրենց հերթին չհապաղեցին օգտվել Թուրքիայի համար ստեղծված անբարենպաստ իրավիճակից։ Այսպես կրկին սրվեց Արևելյան հարցը։
1876թ․ գահ բարձրացած սուլթան Համիդ II-ը հանդիսավորությամբ ազդարարեց երկրում սահմանադրության ընդունումը, որով կայսրությունն անվանապես դառնում էր սահմանադրական միապետություն։ Նույն ժամանակ եվրոպական դեսպանների՝ Կ․Պոլսում սկսված ժողովը սուլթանից պահանջեց կայսրության քրիստոնյա ժողովուրդների համար անհապաղ բարեփխումներ իրագործել։ Աբդուլ Համիդը, ստանալով Մեծ Բրիտանիայի աջակցությունը, մերժեց մյուս տերությունների պահանջը՝ պատճառաբանելով, որ այդ քայլը նախ՝ միջամտություն է երկրի ներքին գործերին, և երկրորդ՝ սահմանադրության ընդունումով տերությունում լուծվում են ոչ միայն քրիստոնյաների, այլև ամբողջ բնակչության հիմնախնդիրերը։ Տեղի ունեցածը ավելի սսրեց ռուս-թուրքական հարաբերությունները։ Այս ամենն ի վերջո հանգեցրեց ռուս-թուրքական պատերազմի։
1877թ․ ապրիլի 12-ին Ռուսաստանը պատերազմ սկսեց Օսմանյան Թուրքիայի դեմ։ Եվրոպական տերությունները հույս ունեին, որ պատերազմող երկրներն ավելի կթուլանան․ Ռուսաստանը վերջնականապես դուրս կմղվի ռազմավարական նշանակություն ունեցով տարածաշրջանից, իսկ Թուրքիան հարկադրված իրենց օգտին նոր զիջումներ կանի։
Ռազմական գործողությունները ծավալվեցին Բալկանյան և Կովկասյանճակատներում։ Պատերազմի գլխավոր թատերաբեմը, սակայն, Բալկանյան թերակղզին էր։ Այստեղ 185-հազարանոց ռուսական զորակազմը, որին միացել էին սլավոնական ժողովուրդների զինված ուժերը, խոշոր հաղթանակներ տարավ թուրքական 160-հազարանոց բանակի դեմ։ Անցնելով Դանուբ գետ՝ ռուսական զորքերը համառ մարտերից հետո Բուլղարիայում գրավեցին Շիպկայի լեռնանցքը։ 1878թ․ սկզբին ռուսները մտան Սոֆիա, ապա Պլովդիվ և ընդհուպ մոտեցան Ադրիանապոլիսին ու Կ․Պոլսին։
Պատերազմը Կովկասյան ճակատում։ Պատերազմում հաղթանակի հասնելու գործում վճռական նշանակություն ունեցան նաև Կովկասյան ճակատում ռուսական զորքերի տարած հաղթանակները։ Այստեղ կռվող 70-հազարանոց ռուսական բանակի առջև խնդիր էր դրվել շեշտակի հարվածներով հնարավորինս առաջանալ Արևմտյան Հայաստանի տարածքում։
Կովկասյան ճակատում հիմնական հարվածող ուժը Միխայիլ Լոռիս-Մելիքվիհրամանատարությամբ գործող 52-հազարանոց Կովկասյան կորպուսն էր։ Այն իրականացնում էր գլխավոր հարձակումը ռազմաճակատի կենտրոնական մասով՝ Ալեքսանդրապոլ-Կարս ուղղությամբ։Կորպուսի Երևանյան ջոկատը գործում էր ճակատի ձախ թևում՝ հայազգի նշանավոր մեկ այլ հրամանատարի՝ գեներալ Արշակ Տեր-Ղուկասովի գլխավորությամբ։
Երևանյան ջոկատը ապրիլի 30-ին գրավում է Բայազետը, ապա նաև Դիադինն ու Ալաշկերդը։ Հաղթական կռիվներ մղելով թուրքական զորքերի դեմ՝ Տեր-Ղուկասովի ջոկատը ճակատի աջ թևում գործող ռուսական զորամասի պարտության պատճառով հունիսին նահանջի հրաման է ստանում։ Հայ գեներալը նահանջը կատարում է մեծ վարպետությամբ՝ միաժամանակ փրկելով թուրքերի ճիրաններում հայտնված բազմահազար հայ գաղթականների:
Հակառակորդը, մեծ ուժեր կենտրոնացնելով, պաշարում է Բայազետի բերդը։ Ավելի քան տաս հազար հոգուց բաղկացած թուրքական բանակը կատաղի գրոհում է բերդի վրա, բայց գրավելի չի կարողանում։ Գտնվելով թշնամու օղակում, անհավասար մարտեր մղելով հակառակորդի դեմ՝ Բայազետի կայազորը, որի պետը կապիտան Ֆյոդոր Շտոկվիչն էր, սպառում է իր նյութական և ռազմական պաշարները։ Միակ փրկությունը դրսի օգնությունն էր։ Իրենց օրհասական դրության մասին Տեր-Ղուկասովին տեղեկացնելու մի քանի փորձեր մատնվում են անհաջողության։ Վերջապես հայ կամավորներից Սամսոն Տեր-Պողոսյանը (Րաֆֆու «Խենթը» վեպի հերոս Վարդանը) քրդական տարազով ծպտյալ անցնում է թշնամու օղակով և լուր հասցնում Տեր-Ղուկասովին։ Երևանյան ջոկատը օգնության է հասնում և համառ մարտերից հետո ազատագրում Բայազետի կայազորին 23 օրվա պաշարումից։ Բայազետի հերոսական պաշտպանությունն իր գեղարվեստական արտացոլումն է գտել նաև ռուս գրող Վ․ Պիկուլի «Բայազետ» վեպում։
Կարսի համար մղված երկարատև կռիվներում ռուսական զորքերը ծանր կորուստներ կրեցին։ Այս ռազմավարական ամրոցի գրավումը հետաձգվեց և աշնանը հանձնարարվեց Հովհաննես Լազարևին։ Հայ կամավորականների առաջապահ ջոկատի ուղեկցությամբ ընթացող Լազարևի զորամասի վճռական գրոհը 1877թ․ նոյեմբերի վեցին ավարտվում է կատարյալ հաղթանակով, և Կարսը գրավվում է։ Դրանից հետո թուրքական հրամանատարությունն այլևս ի զորու չէր լուրջ դիմադրություն ցուցաբերելու։ 1878թ․ հունվարին կնքված զինադադարով Թուրքիան ճանաչում է իր պարտությունը։ Փետրվարին ռուսներն առանց կռվի մտնում են Կարին։
Սլավոնական ժողովուրդների ազատագրական պայքարը և սկսված պատերազմը ոգևորություն էր առաջացրել հայերի շրջանում։ Հայության լայն զանգվածներ իրենց եռանդուն մասնակցությունն են բերում պատերազմին։ Նրանք զիվորագրվում են ռուսական բանակին, պարեն մատակարարում զորքերին, իրականացնում հետախուզական աշխատանք, հանգանակություններ կատարում։ Հայերը հատկապես ոգեշնչվել էին այն հանգամանքից, որ ռուսական բանակի հրամանատարական կազմում զգալի թիվ էին կազմում ազգությամբ հայ ականավոր զորավարները։ Մ․ Լոռիս-Մելիքովի, Ա․ Տեր-Ղուկասովի և Հ․ Լազարևի կողքին մարտնչում էին գեներալներ Բեհբութ Շելկովնիկովը, Հակոբ Ալխազովը, Լևոն Մելիքովը, Ստեփան Քիշմիշևը և տարաստիճան բազմաթիվ զինվորականներ։
Անդրկովկասի զանազան շրջաններում կազմավորված և ռուս-թուրքական պատերազմին մասնակցած հեծյալ և հետևակային ութ կամավորական ջոկատները հիմնականում համալրված էին հայերենով։ Դրաց մեծ մասը զինվել էր սեփական միջոցներով։ Կամավորական շարծումն այնպիսի լայն ծավալ էր ստացել, որ ռուսական իշխանությունները ստիպված էին դադարեցնել ջոկատների հետագա հավաքագրումը։
Պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունը ոգեշնչեց արևմտյան հայ գործիչներին։ Նրանք ավելի համարձակորեն սկսեցին խոսել հայկական խնդրի լուծման մասին և այդ նպատակով դիմումներ հղեցին Ռուսաստանին ու մյուս մեծ տերություններին։
բ/ Հայկական հարցի միջազգայնացումը
Սան Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը և Հայակական հարցը։ Պատերազմի ավարտին հաշտության պայմանների շուրջ կրկին սրվեց միջազգային իրադրությունը։Ռուսաստանն այս անգամ նույնպես առաջնահերթ համարեց իր դիրքերի ամրապնդումը նախ եվրոպական տարածաշրջանում։ Մինչդեռ Արևմտյան Հայաստանում գրաված հողերը ռուսական դիվանագետները համարում էին «խիստ հետամնաց, ճանապարհազուրկ և զարգացման համար մեծ միջոցներ պահանջող» տարածք։ Գեներալ Մ․ Լոռիս-Մելիքովը, ծանոթանալով զինադադարի ռուսական նախագծին, արտահայտում էր տրամագծորեն հակառակ կարծիք։ Նա ընգծում էր Հայաստանում գրաված տարածքի ռազմավարական կարևորությունը Ռուսաստանի համար։1878թ․ փետրվարի 19-ին կնքվեց ռուս-թուրքական հաշտությունը Կ․Պոլսից ոչ հեռու գտնվող Սան Ստեֆանո ծովափնյա ավանում՝ հայ մեծահարուստ Առաքել Դադյանի ամառանոցում։ Ռուսաստանին էին անցնում Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի, Ալաշկերտի և Բայազետի գավառները, Սև ծովի առափնյա շրջանները՝ Բաթում Նավահանգստով, Էրզրումը և Բասենը վերադարձվում էին Օսմանյան կայսրությանը։
Սան Ստեֆանոյի պայմանագրում արծածվեց նաև XIXդ․ երկրորդ կեսի հայ հասարակական-քաղաքական կյանքի հիմնական առանցքը կազմող Հայկական հարցը։ Այն, Արևելյան հարցի բաղկացուցիչ մաս լինելով, այդ ժամանակաշրջանում վերաբերում էր արևմտահայության ազատագրության կամ ինքնավարության խնդրին։
Սան Ստեֆանոյի պայմանագրում տեղ գտան Հայաստանին վերաբերող առանձին հոդվածներ ու ձևակերպումներ, որոնց դրույթները մասամբ էին համընկնում հայերի առաջադրած պահանջներին։ 16-րդ հոդվածով Բարձր դուռը պարտավորվում էր Արևմտյան Հայաստանում ռուսների գրաված և կրկին Թուրքիային վերադարձվելիք գավառներում անհապաղ բարեփոխումներ անցկացնել և ապահովել հայերի անվտանգությունը քրդերից ու չերքեզներից։ 25-րդ հոդվածն իրավունք էր տալիս ռուսական զորքերին վեց ամիս ժամկետով մնալու Հայաստանում։ 27-րդ հոդվածով թուրքական կառավարությունը պարտավորվում էր չհալածել պատերազմում ռուսներին աջակցած քրիստոնյաներին։
Այս ձևակերպպումներում կային շատ անորոշություններ․ ըստ 16-րդ հոդվածի՝ ստացվում էր, որ Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների մեղավորները ոչ թե թուրքական իշխանություններն են, այլ քրդերն ու չերքեզները։ Նման ձևակերպումը ոչ թե կերաշավորեր հայերի անվտանգությունը, այլ կսրեր նրանց հարաբերությունները հարևանների հետ․ դա, անշուշտ ձեռնտու էր սուլթաններին։ Պարզ չէր, թե ռուսական զորքերը միայն վեց ամսում ինչպես պետք է ներազդեին բարեփոխումների իրագործման վրա, ի՞նչ իրական երաշխիքներ կային ռուսներին աջակցած հայերի անվտանգության համար և այլն։
Այդուհանդերձ, պայմանագիրը հայերի համար ուներ նաև դրական նշանակություն․ նախ՝ Արևմտյան Հայաստանի մի զգալի հատված անցնում էր Ռուսաստանին։ Երկրորդ՝ պայմանագրում «Հայաստան» անվան գործածումը ստիպում էր սուլթանական կառավարությանն առաջին դիվանագիտական մակարդակով ընդունելու, որ կայսրության կազմում, ի թիվս նվաճված այ երկրների, գոյություն ունի նաև հայերի հայրենիք Հայաստանը, որտեղ բարեփոխումներ կատարելու անհրաժեշտություն կա։ Եվ վերջապես՝ Հայակական հարցը, դառնալով միջազգային հարց, նոր լիցք էր հաղորդում հայ ազգային-ազատագրական պայքարի հետագա ծավալմանը:Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովում։ Բալկաններում և Արևելքում Ռուսաստանի դիրքերի ամրապնդումն առաջացրեց առաջին հերթին Մեծ Բրիտանիայի և Ավստրո-Հունգարիայի դժգոհությունը։ Նրանք պահանջեցին կնքված պայմանագրի կետերը ամբողջությամբ համաձայնեցնել իրենց հետ, հակառակ դեպքում սպառնում էին պատերազմով։ Ռուսական կառավարությունը տեղի տվեց՝ համաձայնելով հարցը քննարկել մեծ տերությունների հետ։ Որոշվեց Գերմանիայի կանցլեր Օտտո Բիսմարկի նախագահությամբ Բեռլինում գումարել վեհաժողով։
Հայկական հարցի միջազգայնացումն աշխուժություն առաջացրեց հայ հասարակական շրջանակներում։ Ամենուր խոսում էին Հայաստանի ինքնավարության մասին։ Ավելի համարձակներն անկախ Հայաստանի ծրագրեր էին մշակում։ Նույնիսկ առաջադրվեցին անկախ հայրենիքի կառավարիչների թեկնածություններ՝ Ստ․ Ասլանյան, Մ․ Լոռիս-Մելիքով և ուրիշներ։ Բարձր դուռը փորձում էր իր հսկողության տակ վերցնել հայերի գործողությունները։ Սուլթանը հայոց պատրիարքին նույնիսկ առաջարկում է պատվիրակություն ուղարկել վեհաժողով։ Այդ քայլով նա ցանկանում է հայկական պահանջները հակադրել բուլղարների շահերին և դրանով խառնել Ռուսաստանի ծրագրերը։ Հայոց պատրիարքը որոշում է առիթն օգտագործել և հայերի պահանջները ներկայացնել վեհաժողովին։
Ազգային գործիչ Գրիրգոր Օտյանի առաջարկությամբ Եվրոպա մեկնող պատվիրակությունը գլխավորում է ողջ հայության շրջանում մեծ հեղինակություն վայելող Մկրտիչ Խրիմյանը։ Պատվիրակության կազմում էին Մինաս Չերազը, Ստեփան Փափազյանը և Խորեն Նարբեյը։ Հոգևոր գործիչ Խորեն Նարբեյին հանձնարարվում է մեկնել Սանկտ Պետերբուրգ՝ ռուսական արքունիքի հետ հայերի պահանջներ համաձայնեցնելու համար։
Հայ պատվիրակները լինում են Իտալիայում և Ֆրանսիայում, հանդիպում այդ երկրների արտգործնախարարնների հետ և ստանում որոշ հուսադրող խոստումներ։ Լոնդոնում լորդ Ջեյմս Բրայսի գլխավորած հայասիրական ուժերը, ի պաշտպանություն Հայակական հարցի, մեծ հանրահավաք են կազմակերպում։ Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Սոլսբերին, սակայն, Խրիմյանին և Չերազին տալիս է խուսափողական պատասխաններ։
Դիվանագիտական խարդավանքներից հեռու կանգնած հայ պատվիրակները չգիտեին, որ անգլիական դիվանագիտությունն արդեն լուրջ աշխատանք էր տարել վեհաժողովում թուրքերի շահերը պաշտպանելու ուղղությամբ։ Մայիսի 18-ին Լոնդոնում կնքվում է ռուս-անգլիական համաձայնագիր, որը նախատեսում էր Սան Ստեֆանոյի պայմանագրի մի քանի կետերի վերանայում։ Դրանք վերաբերվում էին նաև Հայկական հարցին։ Անգլիական դիվանագիտությունը լուրջ հաջողության հասավ նաև Բարձր դռան հետ հարաբերություններում։ Վեհաժողովի նախօրյակին՝ մայիսի 25-ին, կնքված անգլո-թուրքական գաղտնի համաձայնագրով Մեծ Բրիտանիան Թուրքիայից ստացավ Կիպրոս կղզին՝ փոխարենը խոստանալով պաշտպանել թուրքական պահանջները։ 1878թ․ հունիսի 1-ին Բեռլինում սկսված վեհաժողովն ընթանում է Մեծ Բրիտանիայի մշակած սցենարով։
Խորեն Նարբեյը Պետերբուրգում Ալեքսանդր II կայսրին Հայաստանի ինքնավարության ծրագիրը հանձնելուց հետո, մեկնում է Բեռլին ու միանում Խրիմյանին ու Չերազին։ Ինքնավարության նախագիծը և այլ փաստաթղթեր հանձնվում են վեհաժողովի մասնակից վեց տերությունների պատվիրակներին։ Ըստ պատրիարքարանի կազմած նախագծի՝ Արևմտյան Հայաստանի՝ ռուսների գրաված այն մասը, որը վերադարձվելու էր Թուրքիային, որպես գերազանցապես հայաբնակ տարածք (2 միլիոն բնակչությունից 1.3 միլիոնը հայ էր)՝ պետք է ստանար ինքնավարություն և կառավարվեր հայ նահանգապետի կողմից։
Մեծ տերությունների ներկայացուցիչները, սակայն, թույլ չեն տալիս հայ պատվիրակներին մասնակցել վեհաժողովին։ Այսպես Հայկական հարցը հատկապես Մեծ Բրիտանիայի քաղաքականության հետևանքով վճռվում է առանց հայերի մասնակցության։
Բեռլինի պայմանագրով Հայակական հարցի լուծման հեռանկարը դառնում է ավելի մշուշապատ և անիրատեսական։ Հայաստանի ինքնավարության ծրագիրը լիովին մերժվում է։ Պայմանագրի 61-րդ հոդվածը ևս թուրքական կառավարությանը պարտավորեցնում էր հայերի համար բարեփոխումներ անցկացնել, ապահովել նրանց անվտանգությունը։ Բայց բարեփոխումների իրագործման հսկողությունն այժմ, բացի Ռուսաստանից, դրվում էր նաև վեհաժողովի մասնակից մյուս տերությունների վրա։ Դա վերջիններիս հնարավորություն էր տալիս միջամտելու Թուրքիայի ներքին գործերին։
Քանի որ Ռուսաստանն իր զորքերն անհապաղ դուրս էր բերելու գրաված տարածքներից, ոչ մի երաշխիք չէր մնում բարեփոխումների կենսագործման համար։ Բեռլինի պայմանագրում Հայաստան անունը փոխարինվել էր հայաբնակ մարզեր բառակապակցությամբ։ Ալաշկերտն ու Բայազետը, ինչպես խոստացել էր Անգլիան, վերադարձվեցին Օսմանյան կայսրությանը։ Ռուսաստանին էր մնում միայն Կարսը՝ շրջակա գավառներով։ Կարս բերդաքաղաքը շուտով դարձավ նորաստեղծ Կարսի մարզի կենտրոնը, դրա մեջ մտան Կարսի, Արդահանի, Կաղզվանի և Օլթիի գավառները կամ օկրուգները։ Այն մտցվեց Կովկասի փոխարքայության կազմը՝ որպես առանձին վարչական միավոր։
Վեհաժողովի որոշումները խոր հիասթափություն առաջացրին հայերի մեջ։ Խրիմյանն ու Չերազը վեհաժողովի վերջին օրը՝ հուլիսի 1-ին, բողոք ներկայացրին մեծ տերություններին։ Խրիմյան Հայրիկը պատկերավոր ձևով վեհաժողովը նմանեցրեց հարիսայի ճաշկերույթի, որին երկաթե շերեփներով ներկայացած մասնակիցները կարողանում էին տանել իրենց բաժինը։ Բայց քանի որ ինքը միայն թղթե շերեփ ուներ, այն մնաց հարիսայի մեջ, և ինքը ստիպված էր ձեռնունայն վերադառնալ։ Խրիմյանը և բազմաթիվ այլ գործիչներ Բեռլինից հետո հսակացան, որ օտար տերությունների հետ իրենց հույսերը կապելու փոխարեն անհրաժեշտ է կազմակերպել սեփական ժողովրդի զինված ազատագրական պայքարը։ Խրիմյան Հայրիկը կոչ է անում հայությանը․ «Ձեր բարեկամաց և ազգականաց իբրև պարգև մէկ-մէկ զէ՜նք տարեք, զէ՜նք առեք և դարձեա՜լ զէ՜նք։ Ժողովու՜րդ, ամենէն առաջ քո ազատութեան յոյսը քո վրա՜յ դիր, քո խելքի՜ն և բազկի՜ն ոյժ տուր»։
Մեծ տերությունները բազմիցս հանդես եկան հայկական բարեփոխումներն իրականացնելու պահանջներով՝ նպատակ ունենալով Թուրքիայից զիջումներ կորզելու իրենց օգտին։ Սուլթանական կառավարությունն օտար երկրների միջամտությունից ազատվելու համար նախընտրեց Հայակական հարցի լուծման ուրույն ուղի՝ հայերին ցեղասպանելու քաղաքականությունը։