20-րդ դարի սկզբին Երևանում կար կոնյակի, օղու, սպիրտի, գինու 5 գործարան։ 1899 թվականին ռուս խոշոր ձեռնարկատեր Ն. Շուստովը գնել է Թաիրովի գինու-կոնյակի գործարանը, կարճ ժամանակամիջոցում ընդլայնել մի քանի անգամ, իսկ 1907թվականին կառուցել նոր մեքենայացված, օդամղիչ և տակառի գործարաններ, նկուղներ, սպասարկման կետեր, օժանդակ այլ հարմարություններ և փոքր ջրէկ՝ Հրազդան գետի վրա։ Երևանում արտադրվող կոնյակի և սպիրտի մեծ մասն աստիճանաբար կենտրոնացվել է «Շուստով և որդիներ» ընկերության ձեռքում։20-րդ դարի սկգբին վերացել են համքարությունները։
Փոխարենն առաջացել են նոր պահանջներին համապատասխան արհեստներ (ժամագործություն, խառատություն և այլն), աշխուժացել են որոշ հին արհեստներ (քարտաշություն, որմնադրություն, հյուսնություն և այլն)։ 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին էական փոփոխություններ են տեղի ունեցել Երևանի ներքին կյանքի, մշակույթի և այլ բնագավառներում։ Ձիակառքերից բացի՝ գործել են ձիաքարշ տրամվայներ, որոնց երթևեկության համար ստեղծվել է 4 վերստ երկաթգիծ ։
Երևանը Խորհրդային Միության առաջին քաղաքն էր, որն ունեցավ գլխավոր հատակագիծ: Ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանի հեղինակած գլխավոր հատակագիծը հաստատվեց 1924 թվականին. նախատեսված էր 150000 բնակչի համար: Ժամանակի ընթացքում քաղաքի վարչական տարածքը մեծացավ 5 անգամ: Սկսվեց կառուցապատումը. Երևանը կառուցապատվում էր բազալտով, գրանիտով, մարմարով: Ամենատարածված շինանյութը վարդագույն տուֆն էր: Եվ քանի որ այդ շինանյութն ինքնատիպ գունագեղություն ու առանձնահատուկ երանգ էր տալիս քաղաքին, սկսեցին Երևանն անվանել «Վարդագույն քաղաք»: Հետագա 70 տարում մայրաքաղաքի տարածքն էլ ավելի ընդլայնվեց: 1991թ. սեպտեմբերի 21-ին Երևանը դարձավ ոչ միայն անկախ Հայաստանի Հանրապետության, այլև աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք:

Աբովյան փողոց
Ըստ քաղաքի գլխավոր նախագծի՝ սա մայրաքաղաքի առաջին փողոցն է։ Այն կառուցվել է XIX դարի կեսին։ Այդ ժամանակ կոչվում էր Աստաֆյան՝ Երևանի նահանգապետի, գեներալ-մայոր Աստաֆևի պատվին։ Այն կառուցապատված էր Belle Époque (գեղեցիկ դարաշրջան) ոճի առանձնատներով։


