Պետության կողմից տնտեսությանը միջամտելու սահմանները պայմանավորված
են այն տնտեսական և սոցիալական հիմնախնդիրներով, որոնք չեն կարող լուծվել
ինքնաբերաբար՝ սոսկ շուկայական տնտեսության ինքնակարգավորման ավանդական կանոնների կիրառմամբ։ Ազատ ձեռներեցությունը ենթադրում է մի շարք առանձին հարաբերությունների համակարգ, որոնց բնականոն կարգավորման երաշխիքը բացառապես պետության ողջամիտ միջամտությունն է, քանզի այդ ոլորտում ծագող խնդիրների լուծման համար անխուսափելիորեն անհրաժեշտ է պետական աջակցություն։ ՄԻաժամանակ կան ոլորտներ, որոնք շուկայական կառուցակարգերի հասանելիության սահմաններից դուրս են։
Այս պարագայում նկատի ունենք, այսպես կոչված, «հանրային բարիքները».
դրանք այն ապրանքները և ծառայություններն են, որոնք, անկախ այն բանից՝ հասարակության առանձին անդամներ վճարել են դրանցից օգտվելու համար, թե ոչ,
կարող են օգտագործվել հասարակության բոլոր անդամների կողմից։ Օրինակ, շուկայական տնտեսության տեսանկյունից այդպիսիք են պաշտպանության և ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության, պաշտպանության, կրթության բնագավառները և այլն։ Շուկան իրեն բնորոշ առանձնահատկություններով ի վիճակի չէ արտադրել «հանրային բարիքներ», բացի այդ` առնվազն դժվար է որոշել հասարակության յուրաքանչյուր անդամի կողմից սպառվող այդ բարիքների «օգտակարությունը». այսինքն, հնարավոր չէ նախապես սահմանել, թե «հանրային բարիքի» համար որքան պետք է վճարի յուրաքանչյուրը։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ խոսքը հանրային շահերի բավարարման մասին է, որի պարագայում ակնհայտ է դառնում պետության պարտավորության իրավաչափությունը, տրամաբանական է, որ պետությունը պետք է իր վրա վերցնի դրանց արտադրության հոգսը կամ առնվազն աջակցի և կարգավորի արտադրության գործըթնացը և կազմակերպի քաղաքացիների կողմից դրանց համավճարումը։
Պետությունը պետք է գնահատի ծագող հիմնախնդիրները հասարակական հեռանկարների տեսանկյունից և լուծի առկա խնդիրները՝ այդ նպատակով իրականացնելով պետական կարգավորում։ Ընդունված է «պետական կարգավորում» եզրույթը դիտարկել ինչպես լայն և այնպես էլ նեղ իմաստով, ինչը հնարավորություն է
տալիս գիտագործնական չափանիշներով առավել համարժեքորեն բացահայտել
վերջինիս բոլոր ասպեկտները։ Լայն առումով այն դրսևորվում է պետության կողմից տնտեսության բնագավառի հասարակական հարաբերությունների իրավական կարգավորմամբ։ Այդպիսի կարգավորման սուբյեկտներն են պետական իշխանության օրենսդիր և գործադիր մարմինները։