Հայոց գահին պարթև Արշակունիների մի ճյուղի հաստատումով և ժամանակի ընթացքում ժառանգական հայկական արքայատոհմ դառնալով՝ հայոց պետական համակարգը շարունակեց հայկական պետականության՝ հազարամյակների խորքից եկող ավանդույթները: Պետական կարգը շարունակում էր մնալ միապետական: Երկրի կառավարման բուրգը գլխավորում էր արքան, ով կոչվում էր թագավոր կամ արքա Հայոց մեծաց։
Թագավորի իշխանությունն անսահմանափակ էր: Թագավորությունը Արշակունիների հարստության ժառանգական իրավունքն էր և հիմնականում արքաներ դառնում էին այդ տան ներկայացուցիչները։ Արքայի տված հրամանները ունեին օրենքի ուժ։ Նա նաև զորքերի գերագույն հրամանատարն էր և երկրի կյանքի բոլոր ասպարեզների գլխավոր ղեկավարը։ Հայոց արքային էին ենթարկվում արքունի գործակալությունները, որոնց միջոցով նա կառավարում էր երկրի տնտեսությունը և շինարարությունը, ռազմական պաշտպանությունը, դատական և այլ բնագավառներին վերաբերող գործերը: Նա ուներ պատերազմ հայտարարելու, հաշտություն կնքելու, այլ երկրներ դեսպանություններ ուղղարկելու, դեսպանություններ ընդունելու, նոր քաղաքներ ու ամրոցներ հիմնադրելու և անվանակոչելու իրավասություն։ Պետության կառավարումը չէր կարող կատարվել միայն արքայի կողմից, ինչում նրան օգնում էր արքունիքը, որի կազմի մեջ մտնում էին թագավորը, նրա որդիներն ու եղբայրները, արքունի գործակալները, մեծամեծ իշխանները և արքունի պաշտոնյաները։ Կարևոր որոշումներ ընդունելու համար նշանակալի էին նաև աշխարհաժողովները և կաթողիկոսական ժողովները։ Այս ժամանակաշրջանում գործակալությունները, որոնց միջոցով կատարվում էր երկրի կառավարում, նույնպես դարձել էին ժառանգական պաշտոններ և ղեկավարվում էին հիմնականում նույն տոհմերի կողմից։